Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կներկայացվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումը

Կներկայացվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումը
29.03.2015 | 16:39

«Համազգային վստահություն» խորհուրդը միանում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո անցկացվող Եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքին և 2015թ մարտի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանրությանը կներկայացնի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումը։ Այդ մասին տեղեկացնում է «Համազգային վստահություն» հանրային խորհուրդը։
Ֆիլմ-ներկայացումը (սցենարի հեղինակ, ռեժիսոր, երաժշտական խմբագիր, և Կոմիտասի դերակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ վարչապետի ոսկե և ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալակիր, ՀՀ հանրային հեռուստառադիոյի վաստակավոր խոսնակ-ասմունքող Ս. Նաջարյան) արտացոլում է Կոմիտաս մարդու, Կոմիտաս երգահանի, Կոմիտաս հոգևոր առաջնորդի, բանաստեղծի, հայրենասերի և փիլիսոփայի տարագիր կյանքի գեղեցիկ և միևնույն ժամանակ ողբերգական պահերը:
Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների և մթագնումների:
Այն դիտել են աշխարհի տարբեր երկրներում: Իր դաստիարակչական-ուսուցողական բնույթով այս ֆիլմ-ներկայացումը ուղերձ է երիտասարդ սերնդին ու նաև օտարազգիներին, որ, այո´, եղել է Հայոց ցեղասպանություն և այն պետք է ոչ միայն ընդունել, գիտենալ, այլ նաև դատապարտել և պահանջել:
«Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումն արժեքավոր է իր փաստագրական-գեղարվեստական որակներով: Ներկայացումից հետո կանցկացվի «Հայաստանը հոգու աչքերով» խորագրով 92-ամյա նկարիչ Գրիգոր Տեր-Ավագյանի ջրաներկ նկարների ցուցահանդեսը:
Նկարչի ստեղծագործություններն արժանացել են պետական մրցանակի՝ «Ոսկե մեդալի»: Ցուցահանդեսի նպատակն է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ դարերի փորձություն անցած և այսօր էլ արարող հայ միտքը, հայ մշակույթը, խոսքն ու ձեռագիրը:
Հայաստանում «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտի 30-ին ժ. 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Ֆիլմը կցուցադրվի նաև Վրաստանում, Ռուսաստանում և Լիբանանում:

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ